Haka ( Հակա )

Հակա (մաորի՝ haka), Նոր Զելանդիայի մաորի ցեղի ծիսական պար, որի ժամանակ դոփում են ոտքերով, ձեռքերով խփում են ազդրերին ու կրծքին և բարձրաձայն ձայնակցում են։ Սա մաորիների երաժշտական արվեստի ամենահայտնի ձևն է։ Նոր Զելանդիայի բնակչության մեծ մասը ծանոթ է հակային շնորհիվ All Blacks նորզելանդական ռեգբիի հավաքականի։

Հակա բառը մաորիների լեզվով նշանակում է «ընդհանրապես պար», նաև «պարով ուղեկցվող երգ»։ Հական չի կարելի բացառապես դասել երգի կամ պարի, ըստ Ալան Արմսթրոնգի՝ հական կոմպոզիցիա է, որտեղ յուրաքանչյուր գործիք՝ ձեռքերը, ոտքերը, մարմինը, լեզուն, թե աչքերը, կատարում՝ սեփական պարտիան։

Հակայի բնորոշ գծերն են՝ պարը կատարում են միաժամանակ բոլոր կատարողները ուղեկցելով դեմքի ծամածություններով։ Ծամածռությունները՝ աչքերի և լեզվի շարժումները շատ կարևոր են։ Դրանցով են որոշում կատարված պարի որակը։ Հակա պարող կանայք լեզուները դուրս չեն հանում։ Ոչ ռազմական հակայի ժամանակ կարող են լինել մատների կամ դաստակների ալիքաձև շարժումներ։ Պարը վարողը (տղամարդ կամ կին) գոչում է տեքստից մեկ կամ երկու տող, որից հետո մնացածները խմբով պատասխանում են կրկներգով։