Կաթարներ

Կաթարներ (հունարեն՝ Καθαρών - մաքուր), 11-13-րդ դարերում Եվրոպայում (գլխավորապես Իտալիայում, Ֆլանդրիայում, Հարավային Ֆրանսիայում) տարածված աղանդավորներ։

Պաշտոնական եկեղեցու դեմ մղած իրենց պայքարով տարերայնորեն արտահայտել են զարգացող քաղաքների հակաֆեոդալական բողոքը։ Կաթարների դավանաբանության հիմքում դրված էր մանիքեության «չարի և բարու» հակադրության սկզբունքը, որը փոխանցվել էր պավլիկյանների և բոգոմիլների միջոցով։

Կաթարները, մերժելով երկրային կյանքը (ամուսնություն, մսեղեն կերակուր և այլն), քարոզում էին մասնավոր սեփականության, կաթոլիկական նվիրապետության, պատկերապաշտության վերացում, ծայրահեղ ճգնակեցություն։

Կաթարները ստեղծեցին իրենց եկեղեցին, բացեցին դպրոցներ, 1167 թվականին Թուլուզում գումարեցին ընդհանուր ժողով, որոշ քաղաքներում գրավեցին իշխանությունը։ Կաթարների դեմ մղված կատաղի պայքարի և 13-րդ դարում քաղաքային բնակչության շերտավորման (արհեստավորա-պլեբեյական զանգվածներից բյուրգերության անջատման) հետևանքով նույն դարի վերջին կաթարները վերացան։ Կաթարների ուսմունքը փոխանցվեց ալբիգոյցիներին։