Մոստարի կամուրջ
Մոստարի կամուրջ կամ Հին կամուրջ (բոս․՝ Stari most), կամարաձև հետիոտնային կամուրջ, որը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում։ Գտնվում է Ներետվա գետի վրա։
Հանդիսանում է հին կամրջի ժամանակակից կրկնօրինակը, որը ամբողջովին կործանվել էր խորվաթ զինյալների կողմից 1993 թվականին։ Համարվում է Մոստարի խորհրդանիշը։ Հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Կամուրջը կառուցվել է 1557—1566 թվականներին Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում՝ Սուլեյման I-ի հրամանով։ Ճարտարապետը եղել է Միմար Հայրեդդինը, ով Միմար Սինանի աշակերտն է եղել։ Սինանին է վերագրվում Վիշեգրադի կամուրջը։ Կառույցը բաղկացած է եղել 456 կրաքարե աղյուսներից։ Կամրջի կամարաձև թռիչքի երկարությունը կազմում է 30 մետր, իսկ լայնությունը՝ 4 մետր։
17-րդ դարում կամրջի երկու կողմերում եղել են պաշտպանական աշտարակներ։ Ձախ հատվածում եղել է Տարա աշտարակը, իսկ աջում՝ Հալեբիան։
Բանաստեղծ Դերվիշ փաշա Բայեզիդովիչը 16-րդ դարում կամուրջը համեմատել է ծիածանի հետ, իսկ թուրք աշխարհագրագետ Հաջի Քալֆան համարում էր, որ կամրջի կամարը «կզարմացնի աշխարհի բոլոր վարպետներին»։ Օսմանյան ճանապարհորդ Էվլիյա Չելեբին 17-րդ դարում նկատել է, որ «անցել եմ 16 կայսրություններով և այսպիսի բարձր կամուրջ չեմ տեսել»[1]։
ԿործանումՀին կամուրջը կանգուն է եղել 427 տարի, մինչև 1993 թվականի նոյեմբերի 9-ը, երբ Բոսնիական պատերազմի ժամանակ կամուրջը կործանվեց։ Կամուրջը երկար ժամանակ խորհրդանշել է Մոստարի և ամբողջ Բոսնիա և Հերցեգովինայի բազմազգ բնակչության խաղաղ կեցությունը։ Խորվաթական ուժերը սկսեց կամրջի ռմբակոծումը 100 մմ տրամաչափով Տ-55 տանկերից, որոնք տեղակայված էին Հում բլրի վրա՝ կամրջից հարավ- արևմուտք։ Տանկային կրակը տևեց երկու օր։ Մինչ վերջնական կործանումը, կամրջին հասցվել է 60 արկահարված։ Կամրջի հետ մեկտեղ ավերվել էին քարե աշտարակները և ժայռի մի հատվածը, որի վրա կառուցված էր կամուրջը[2]։
Վերակառուցում1994 թվականի հունիսին նախկին կամրջի վայրը այցելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների խումբը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Համաշխարհային բանկի և Մոստարի քաղաքապետարանի առաջարկությանը արձագանքեց Եվրոպական Խորհրդի զարգացման բանկը, Խորվաթիայի, Թուրքիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի կառավարությունները։ Վերակառուցումը արժեցավ 15 միլիոն եվրո։
Գիտական (հնագիտական) հետազոտությունները տևեցին երկու տարի։ 2001 թվականի հունիսին սկսվեցին շինարարական աշխատանքները, սակայն կամարի առաջին քարը դրվել է 2003 թվականի ապրիլին։ 2004 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Բոսնիա և Հերցեգովինայի ղեկավարությունների մասնակցությամբ կամուրջը հանդիսավոր կերպով բացվեց[2]։
↑ Տես էջ 21։ «World Heritage Scanned Nomination: The Old Bridge area of the Old City of Mostar»։ // whc.unesco.org։ Վերցված է 2015-3-14 ↑ 2,0 2,1 «Торжественное открытие нового Старого моста в Мостае»։ // unesco.org։ Վերցված է 2015-3-14
Ավելացնել նոր մեկնաբանություն