Սուրիկատ


Սուրիկատ (լատ.՝ Suricata suricatta, անգլ.՝ meerkat կամ suricate), մանգուստների ընտանիքին (լատ.՝ Herpestidae) պատկանող փոքր չափերի գիշատիչ։ Սուրիկատը (S. suricatta) համանուն ցեղի (Suricata) միակ ներկայացուցիչն է։ Սուրիկատներն ապրում են Բոթսվանայի Կալահարի անապատի բոլոր մասերում, Նամիբիայի և հարավարևմտյան Անգոլայի Նամիբ անապատի մեծ մասում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Սուրիկատների խումբը կոչվում է «հրոսակ» (անգլ.՝ «mob», «gang» կամ «clan»)։ Այն կարող է ներառել մոտ 20, իսկ որոշ գերընտանիքներ՝ 50 կամ ավելի անդամ։ Յուրաքանչյուր խումբ կազմված է 2-3 ընտանիքներից։ Խմբում իշխում են հասուն էգերը (մայրիշխանություն)։ Խմբերի միջև կռիվներ են լինում. հաղթող խումբը տիրում է պարտվողների բներին և տարածքներին, ոչնչացնում են պարտվողների ձագերին։ Փակի տակ սուրիկատներն ապրում են 12―14 տարի, իսկ բնության մեջ մոտ երկու անգամ ավելի կարճ։