Koningsdag (Nederland) ( Թագավորի օր )

Թագավորի օր (հոլ.՝ Koningsdag ) կամ Թագուհու օր (հոլ.՝ Koninginnedag ), ազգային տոն, որը նշվում է Նիդերլանդներում, Արուբայում, Կյուրասաոյում և Սինտ Մաարտենում։ Ներկայում տոնը նշվում է ապրիլի 27-ին (եթե օրը կիրակի չէ, այլապես՝ ապրիլի 26-ին), իսկ մինչ այդ տոնվել է օգոստոսի 31-ին և ապրիլի 30-ին։ 2014 թվականին Թագավորի օրը նշվել է ապրիլի 26-ին, քանի որ 27-ը եղել է կիրակի։ Տոնը, որը կապված է միապետի ծննդյան օրվա հետ, դիտարկվում է նաև որպես ազգային միասնության և համերաշխության օր (հոլ.՝ saamhorigheid)։ Նիդերլանդցիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանի արքայատոհմի ընտանեկան գույնն է։ Տոնը հայտնի է շնորհիվ ամբողջ երկրով կազմակերպվող «ազատ շուկաների» (հոլ.՝ vrijmarkt), որտեղ ամեն մարդ կարող է փողոց դուրս գալ և ազատորեն վաճառել իր ապրանքները։ Բազմաթիվ քաղաքներում կազմակերպվում են համերգներ, որտեղ հնչում է աշխարհի տարբեր ոճերի երաժշտություն (ծանր ռոքից մինչև ռեյվ), ամենուր կարելի է հանդիպել փողոցային երաժիշտների և մարդկանց, որոնք ցուցադրում են այս կամ այն անսովոր ունակությունները։ Որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Հաագայում, նշում են նաև տոնի նախօրեի գիշերը՝ այսպես կոչված, Koningsnacht Թագավորական գիշերը։