Foro Romano

( Հռոմի ֆորում )

Հռոմի ֆորում (լատ.՝ Forum Romanum, իտալ.՝ Foro Romano), ուղղանկյուն հրապարակ Հռոմի կենտրոնում՝ շրջապատված որոշ նշանավոր հնադարյան կառավարական շինությունների ավերակներով։ Հին քաղաքի բնակիչներն այս վայրն սկզբում հիշատակում էին որպես առևտրի հրապարակ՝ Forum Magnum կամ պարզապես Forum:

Այն դարեր շարունակ եղել է Հռոմի հասարակական կյանքի՝ Հռոմի հաղթական երթերի և ընտրությունների, հանրային ելույթների, Հռոմի քրեական դատավարությունների, գլադիատորական մրցույթների և առևտրային հարաբերությունների կենտրոնը։ Այստեղ արձաններն ու հուշարձաններն անմահացնում էին քաղաքի անվանի մարդկանց։ Հին Հռոմում այն համարվում էր ամենահայտնի հանդիպման վայրը, ինչպես նաև աշխարհում ողջ պատմության ընթացքում։ Գտնվելով Պալատինում և Կապիտոլիում բլուրների միջև՝ ֆորումն այսօր ավերակ է՝ լի ճարտարապետական բեկորներով և անընդմեջ կատարվող հնագիտական պեղումներով, որոնք գրավում են տարեկան ավելի քան 4.5 միլիոն այցելունե...Կարդալ ավելին

Հռոմի ֆորում (լատ.՝ Forum Romanum, իտալ.՝ Foro Romano), ուղղանկյուն հրապարակ Հռոմի կենտրոնում՝ շրջապատված որոշ նշանավոր հնադարյան կառավարական շինությունների ավերակներով։ Հին քաղաքի բնակիչներն այս վայրն սկզբում հիշատակում էին որպես առևտրի հրապարակ՝ Forum Magnum կամ պարզապես Forum:

Այն դարեր շարունակ եղել է Հռոմի հասարակական կյանքի՝ Հռոմի հաղթական երթերի և ընտրությունների, հանրային ելույթների, Հռոմի քրեական դատավարությունների, գլադիատորական մրցույթների և առևտրային հարաբերությունների կենտրոնը։ Այստեղ արձաններն ու հուշարձաններն անմահացնում էին քաղաքի անվանի մարդկանց։ Հին Հռոմում այն համարվում էր ամենահայտնի հանդիպման վայրը, ինչպես նաև աշխարհում ողջ պատմության ընթացքում։ Գտնվելով Պալատինում և Կապիտոլիում բլուրների միջև՝ ֆորումն այսօր ավերակ է՝ լի ճարտարապետական բեկորներով և անընդմեջ կատարվող հնագիտական պեղումներով, որոնք գրավում են տարեկան ավելի քան 4.5 միլիոն այցելուների։

Հին քաղաքի ամենահին և ամենանշանավոր կառույցները գտնվում էին ֆորումի մոտակայքում։ Հռոմի թագավորության առաջին սրբատեղիներն ու տաճարները գտնվում էին հարավարևելյան հատվածում։ Դրանք ներառում էին հնադարյան նախկին թագավորական նստավայրը՝ Ռեգիան (մ.թ.ա. 8-րդ դար), և Վեստայի տաճարը (մ.թ.ա. 7-րդ դար), ինչպես նաև իր շուրջը գտնվող Վեստալուհիների տունը, որոնք բոլորը վերակառուցվել են Հռոմեական կայսրության հզորացումից հետո։

Հյուսիս-արևմուտքում են գտնվում այլ հինավուրց սրբատեղիներ, ինչպիսիք են Ումբիլիկուս Ուրբիսը (լատ.՝ Umbilicus Urbis)` Հռոմի պորտը, և Վուլկանալը (լատ.՝ Vulcanal)՝ Վուլկան աստծո սրբատեղին, որը կառուցվել է Հռոմի հանրապետության նախկին կոմիցիումում (հավաքատեղի, լատ.՝ Comitium)։ Այստեղ է ձևավորվել Հռոմի սենատը, ինչպես նաև հանրապետական կառավարությունը։ Այս տարածքում աստիճանաբար հայտնվել են սենատը, կառավարական գրասենյակներ, տրիբունալներ, տաճարներ, հուշարձաններ և արձաններ։

Ժամանակի ընթացքում հնադարյան կոմիցիումը փոխարինվեց հարակից ավելի մեծ ֆորումով և դատական գործընթացները տեղափոխվեցին նորակառույց Էմիլիայի բազիլիկ (մ.թ.ա. 179 թվական)։ 130 տարի անց Հուլիոս Կեսարը կառուցեց Յուլիայի բազիլիկը, ինչպես նաև Կուրիա Յուլիան, որոնք ընդգրկում էին դատական մարմիններն ու սենատը։ Այս նոր ֆորումն այն ժամանակ ծառայում էր որպես վերակենդանացած քաղաքի հրապարակ, որտեղ ավելի մեծ թվով հռոմեացիներ կարող էին հավաքվել ինչպես առևտրային և քաղաքական, այնպես էլ դատական և կրոնական գործերով։

Ի վերջո, տնտեսական և դատական գործերի մեծ մասը ֆորումից տեղափոխվեց հյուսիսում գտնվող ավելի ընդարձակ և ավելի շքեղ շինություններ՝ Տրայանոսի ֆորում և Ուլպիայի բազիլիկ։ Կոնստանտինոս I-ի կառավարման օրոք կառուցվեց ֆորումի վերջին հսկայական շինությունը՝ Մաքսենտիոսի բազիլիկը (321 թվական)։ Դրանով ֆորումը կրկին դարձավ քաղաքական կենտրոն մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը՝ գրեթե 2 դար անց։

Պատմություն Հռոմի թագավորություն
 
Հռոմի քարտեզը մ.թ.ա. 753 թվականին (ֆորումն ընդգծված է).

Ֆորումի սկզբնական ցածրադիր, խոտով ծածկված ջրատարածքները ցամաքեցվել են մ.թ.ա. 7-րդ դարում Մեծ կոյուղու կառուցմամբ, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ սկսեցին բնակվել 2 բլուրների միջև։

Ըստ ավանդույթի՝ ֆորումի ստեղծումը պայմանավորված է Պալատինում բլրի վրա իշխող Հռոմուլոսի՝ Հռոմի առաջին թագավորի, և իր մրցակցի՝ Կապիտոլիում բլրի տիրակալ Տիտուս Տատիոսի հաշտությամբ։ Պայքարից հետո հաշտությունը ձեռք է բերվել սաբինուհիների աղոթքների շնորհիվ։ Գտնվելով 2 բլուրների միջև՝ այն 2 կողմերի հանդիպման վայրն էր հանդիսանում։ Այդտեղ՝ Վուլկանալի մոտ, ըստ պատմության, 2 կողմերը վայր են դրել իրենց զենքերը և հաշտություն կնքել[1]։

Ֆորումը գտնվում էր սաբինուհիների ամրոցի պարիսպներից դուրս, իսկ մուտքը Սատուրնի դարպասից էր։ Այդ պարիսպները հիմնականում փլուզվել են երկու բլուրների միացումից[2]։ Սկզբում ֆորումը հանդիսանում էր կոմիցիումին հարակից բացօթյա շուկա, բայց հետագայում քաղաքական ելույթները, քաղաքացիական դատավարությունները և այլ հասարակական միջոցառումներ սկսեցին ավելի շատ տարածվել ֆորումում, ուստի աճող բնակչության կարիքները հոգալու համար տարբեր հրապարակներ ստեղծվեցին ամբողջ քաղաքում։

Վարկածներից մեկի համաձայն՝ Հռոմի երկրորդ թագավորը՝ Նումա Պոմպիլիոսն է (իշխել է մ.թ.ա. 715–673 թվականներին) հիմք դրել Վեստայի պաշտամունքին՝ կառուցելով Վեստալուհիների տունը և Վեստայի տաճարը, ինչպես նաև Ռեգիան՝ քաղաքի առաջին թագավորական պալատը։ Ավելի ուշ Տուլլոս Հոստիլիոսը (իշխել է մ.թ.ա. 673–642 թվականներին) կոմիցիումը տեղափոխեց հին Էտրուսկյան տաճար, որտեղ հավաքվում էր սենատը։ Նա նաև վերակառուցեց տաճարը՝ անվանելով Կուրիա Հոստիլիոս, որն ավելի մոտ էր հին էտրուսկյան տնակին, որտեղ սկզբնական շրջանում հավաքվում էր սենատը։

Հռոմի հանրապետություն
 
Հռոմի ֆորումի քարտեզը: Հանրապետական Հռոմի կառույցները նշված են կարմիրով, կայսերական Հռոմինը՝ սևով:

Հանրապետության շրջանում կոմիցիումը դեռևս շարունակում էր կենտրոնական տեղ զբաղեցնել քաղաքի դատական և քաղաքական կյանքում[3]։ Ինչևէ, ավելի մեծ հավաքատեղի ստեղծելու համար սենատը սկսեց ընդարձակել կոմիցիումի և Վեստայի տաճարի միջև ընկած բացօթյա տարածքը՝ գնելով և քանդելով մոտակա առանձնատները։ Որոշ կոնսուլների կառուցապատման նախագծերը իրականացվում էին կոմիցիումի և մոտակա կենտրոնական հրապարակի վրա, որն էլ վերածվում էր ֆորումի[4]։

Ֆորումի առաջին տաճարները, որոնց կառուցման տարեթվերը հայտնի են, առաջացել են մ.թ.ա. 5-րդ դարում։ Դրանք են՝ Սատուրնի տաճարը (մ.թ.ա. 497 թվական)և Կաստորի և Պոլուքսի տաճարը (մ.թ.ա. 484 թվական)[5]։ Կոնկորդի տաճարը կառուցվել է հաջորդ դարում զինվորական և քաղաքական գործիչ Մարկոս Ֆուրիոս Կամիլլոսի կողմից։ Տրիբուն Գայոս Լիցինիոսն առաջինն էր, ով ընդհարվեց էլիտայի հետ ֆորումի պատճառով։ Այդ քայլը կրկնվեց 2 դար անց Գայոս Գրակիոսի կողմից[6]։

Սրանով սկիզբ դրվեց մի օրենքի (լատ.՝ locus popularis), ըստ որի երիտասարդ ազնվականներն իրավունք էին ստանում Ռոստրայից խոսելու ժողովրդի հետ։ Գրակիոսին հետևաբար մեղադրեցին Հին Հռոմի իրենց նախնիների ավանդույթները խախտելու մեջ(լատ.՝ mos maiorum)։ Մ.թ.ա. 318 թվականին, երբ Գայոս Մենիոսը դեռևս սենսոր էր, նա ֆորումի շրջակա շինություններին ավելացրեց պատշգամբներ (մենիանա՝ լատ.՝ maeniana), որպեսզի հանդիսատեսն ավելի լավ տեսնի այնտեղ կառուցված ժամանակավոր փայտե արենաներում անցկացվող խաղերը։

Հռոմի ֆորումում տեղադրվեցին նաև տրիբունների համար նախատեսված նստարաններ։ Սկզբում նրանք գտնվում էին սենատի կողքին, այնուհետև՝ Հռոմի հանրապետության ուշ շրջանում, դրանք տեղադրվեցին Պորցիայի բազիլիկի առջև։

Առաջին բազիլիկները կառուցվել են ֆորումում մ.թ.ա. 184 թվականին Կատոն Ավագի (Մարկոս Պորկիոս Կատոն) կողմից։ Ֆուլվիայի բազիլիկը կառուցվել է ֆորումի հրապարակի հյուսիսային հատվածում մ.թ.ա. 179 թվականին (այն վերակառուցվել և վերանվանվել է մի քանի անգամ՝ Ֆուլվիայի և Էմիլիայի բազիլիկ, Պաուլիի բազիլիկ, Էմիլիայի բազիլիկ)։ 9 տարի անց Սեմպրոնիոսի բազիլիկը կառուցվեց հարավային մասում[7]։

 
Կոմիցիում

Շատ սովորույթներ՝ կարևոր հավաքներ, ազնվականների հուղարկավորություններ ու խաղեր, աստիճանաբար կոմիցիումից տեղափոխվեցին ֆորում։ Հատկապես նշանակալի էր այսպես կոչված ազգային ժողովի (լատ.՝ comitia tributa) տեղափոխումը, որը մ.թ.ա. 145 թվականին հանդիսանում էր քաղաքական կարևոր գործոն։ Մ.թ.ա. 133 թվականին կարևոր ու աննախադեպ քաղաքական իրադարձություններ տեղի ունեցան ֆորումում, երբ մի խումբ սենատորներ այնտեղ սպանեցին տրիբուն Տիբերիոս Գրակիոսին[8]։

Մ.թ.ա. 80-ական թվականներին Սուլլայի բռնապետության օրոք հսկայական աշխատանք է տարվել ֆորումում, հրապարակի մակարդակը բարձրացվել է գրեթե մեկ մետրով և դրվել են մարմարե սալաքարեր[9]։

Մ.թ.ա. 78 թվականին Կապիտոլիում բլրի վրա՝ ֆորումի եզրին, այդ տարվա կոնսուլների՝ Մարկոս Լեպիդոս Էմիլիոսի և Քվինտոս Կատուլոսի հրամանով կառուցվում է վիթխարի Տաբուլարիումը։ Մ.թ.ա. 63 թվականին Ցիցերոնն իր հայտնի ելույթի միջոցով ֆորումում՝ Կոնկորդի տաճարում, դատապարտում է դավադիր Կատիլինայի համակիրներին։ Դատավճռից հետո նրանց տանում են Տուլիանում (լատ.՝ Tullianum)՝ մոտակա բանտ, որտեղ նրանք պետք է կրեին իրենց մահապատիժը[10]։

Ժամանակի ընթացքում կոմիցիումին փոխարինեց Կուրիան։ Հին հեղինակների մոտ այլևս չէին հանդիպում կոմիցիումն ու ֆորումը կապող գրվածքներ։ 200 թվականին՝ Սեպտիմիոս Սևերոսի իշխանության օրոք, ֆորումում տեղի ունեցան երկու դրամատիկ դեպքեր, որոնցից ամենահայտնին Մարկոս Անտոնիոսի մահախոսականն էր կիսակառույց ամբիոնից՝ Ռոստրայից, Հուլիոս Կեսարի հուղարկավորման ժամանակ և մյուսը Կեսարի մարմնի հանրային հրկիզումն էր Ռոստրայի մոտակայքում, որտեղ նրա զարմիկ Օկտավիանոսը Կեսարի մահից հետո կառուցեց Կեսարի տաճարը[11]։ Գրեթե 2 տարի անց Մարկոս Անտոնիոսը Ռոստրայի վատ համբավին ավելացրեց ևս մեկը՝ հանրությանը ցուցադրելով իր թշնամի Ցիցերոնի կտրված գլուխն ու աջ ձեռքը[12]։

Հռոմեական կայսրություն

Հուլիոս Կեսարի մահից և դրան հաջորդող քաղաքացիական պատերազմներից հետո Օգոստոսը ավարտեց իր մորեղբոր սկսած գործը՝ ֆորումին տալով իր վերջնական տեսքը։ Դա ներառում էր հրապարակի հարավարևելյան վերջնամասը, որտեղ նա մ.թ.ա. 29 թվականին կառուցեց Կեսարի տաճարը և Օգոստոսի հաղթակամարը։ Ֆորումում է իրականացվել նաև կայսրերից մեկի սպանությունը։ 69 թվականին Գալբան դուրս էր եկել իր պալատից՝ ապստամբներին հանդիպելու, բայց այնքան թույլ էր, որ ստիպված էին նրան տանել պատգարակով։ Ֆորումում նրան անմիջապես դիմավորեցին իր հակառակորդ Օտոնի զինվորները և սպանեցին նրան։

Կայսրության սկզբնական շրջանում տնտեսական և դատական գործունեությունը ֆորումից տեղափոխվեց հյուսիս։ Տրայանոսի ֆորումի կառուցումից հետո (110 թվականին) այդ գործերը կատարվում էին Ուլպիայի բազիլիկում։

Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարի սպիտակ մարմարն ավելացվել է ֆորումի հյուսիսարևմտյան վերջնամասում՝ Կապիտոլիում բլրի ստորոտին՝ նախկին կոմիցիումի մոտ։ Այն կառուցվել է 203 թվականին՝ ի պատիվ Սեպտիմիոս Սևերոս կայսեր և իր 2 որդիների՝ հռոմեա-պարթևական պատերազմներում տարած հաղթանակի և այժմ ֆորումի ամենատեսանելի հուշարձանն է։ Դիոկլետիանոս կայսրը (իշխել է 284-305 թվականներին) Հռոմի քաղաքային ենթակառուցվածքների մեծագույն կառուցողներից վերջինն էր և նա ֆորումը նույնպես ընդգրկում էր իր նախագծերում։ Մինչև իր իշխանության գալը ֆորումում հիմնականում հանդիպում էին պատվո հուշարձաններ։ Նա վերակառուցեց և վերակազմավորեց այն՝ վերանորոգելով Սատուրնի և Վեստայի տաճարները և Կուրիան[13]։ Վերջինս վառվել էր, իսկ Դիոկլետիանոսի տարբերակը մինչև այսօր կարելի է տեսնել։

Կոնստանտինոս I-ի իշխանության օրոք՝ 312 թվականին, ավարտվեց Մաքսենտիոսի բազիլիկի շինարարությունը։ Այն պահպանում էր ֆորումի քաղաքական նշանակությունը մինչև Արևմտյան հռոմեական կայսրության անկումը 2 դար անց։

Միջին դարեր
 
Հռոմ, ֆորումի ավերակները (1742)

6-րդ դարում ֆորումի որոշ հին շինություններ սկսեցին վերափոխվել քրիստոնեական եկեղեցիների։ 608 թվականի օգոստոսի 1-ին կանգնեցվեց Ֆոկասի սյունը՝ հռոմեական հաղթասյուն, որը նվիրվում էր հռոմեացի կայսր Ֆոկասին։ Այն վերջին հուշարձանն էր ֆորումում։ Արդեն 8-րդ դարում ֆորումի ամբողջ տարածքը շրջապատված էր քրիստոնեական եկեղեցիներով, որոնք զբաղեցնում էին լքված և ավերված տաճարների տարածքը[14]։

8-րդ դարի անանուն ճանապարհորդներից մեկն արձանագրել է, որ այդ ժամանակ ֆորումն արդեն մասնատվում էր։ Չնայած միջին դարերում դեռևս ֆորումի մասին հիշատակումներ կային՝ նրա հուշարձանները հիմնականում անտեսանելի էին և այդ տեղանքն ավելի հայտնի էր որպես Campo Vaccino կամ արոտավայր, որը գտնվում էր Կապիտոլիում բլրի և Կոլիզեումի միջև։

8-րդ դարից հետո ֆորումի կառույցները ապամոնտաժվեցին, վերադասավորվեցին և սկսեցին օգտագործվել ֆեոդալական աշտարակներ և ամրոցներ կառուցելու համար։ 13-րդ դարում այս վերակառուցված շինությունները քանդվեցին և ֆորումի տարածքը դարձավ աղբանոց։ Ապամոնտաժված միջնադարյան շինություններն ու անտիկ կառույցները նպաստեցին գետնի մակարդակի բարձրացմանը[15]։

Պեղումներ և պահպանություն
 
Ֆորումի մանրամասն հնագիտական հատակագիծը

15-րդ դարավերջի նկարիչները նկարում էին ֆորումի ավերակները, հնություններ հավաքողները 16-րդ դարում արձանագրություններն էին պատճենում, իսկ մանրազնին պեղումները սկսել են 18-րդ դարում։

1803 թվականին Կառլո Ֆեան և այլ հնէաբաններ սկսեցին պեղումներ իրականացնել Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարը աղբից մաքրելու նպատակով, սակայն ամբողջական պեղումներ իրականացվեցին միայն 20-րդ դարի վերջին։

Մի քանի դարերի գտածոները ցուցադրվում են միասին, քանի որ հռոմեացիները սովորաբար կառուցում էին նախկին ավերակների վրա։

 
Via Fori Imperiali

Ներկայումս հնագիտական պեղումները շարունակվում են՝ իրականացնելով պարբերական վերականգնումներ։ Լինելով քաղաքի կարևորագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ կարելի է ոտքով շրջագայել ֆորումի հին փողոցներով, որոնք վերականգնվել են՝ ստանալով կայսերական շրջանի տեսքը։ Ֆորումի թանգարանը գտնվում է ժամանակակից ճանապարհի (լատ.՝ Via dei Fori Imperiali) վերջում` Կոլիզեումի մոտ։

Այս փոքր թանգարանում կարելի է հանդիպել քանդակների և ճարտարապետական նմուշների ուշագրավ հավաքածուների։ Ներկայացվում է նաև ֆորումն իր նախկին տեսքով և ցուցադրվում են կարճ տեսահոլովակներ տարբեր լեզուներով։ Թանգարան կարելի է մուտք գործել ֆորումից և այն բացվում է 08.30-ին ու փակվում մայրամուտից մեկ ժամ առաջ։ Մուտքն արժե 12 եվրո։

Marucchi Horace (1906)։ The Roman Forum and the Palatine According to the Latest Discoveries։ Paris: Lefebvre  Parker John Henry (1881)։ The Architectural History of the City of Rome։ Oxford: Parker and Company։ էջ 122  Vasaly Ann (1996)։ Representations: Images of the World in Ciceronian Oratory։ Berkeley: University of California Press։ ISBN 0-520-07755-5  Young Norwood, ed. (1908)։ Handbook for Rome and the Campagna։ London: John Murray։ էջ 95  Richmond, Ian Archibald, et al. (1996), Entry, "Forum Romanum", In: Hornblower, Simon and Antony Spawforth (eds.), The Oxford Classical Dictionary (3rd ed.), Oxford University Press, էջ 607. Beard, Mary, North, John A.; Price, Simon (1998)։ Religions of Rome: A History։ Cambridge: Cambridge University Press։ էջ 109 (note 139)։ ISBN 0-521-30401-6  Karl Baedeker (1903)։ Italy: Handbook for Travellers։ Leipzig: Karl Baedeker։ էջ 251  «The Brothers Gracchi: The Tribunates of Tiberius and Gaius Gracchus»։ Վերցված է 2016-06-30  Peter Connolly|Connolly, Peter and Hazel Dodge (1998), The Ancient City: Life in Classical Athens & Rome, Oxford University Press, pp 109. Watkin, Op. cit., էջ 79. Grant, Op. cit., էջեր 111-112. http://penelope.uchicago.edu/~grout/encyclopaedia_romana/calendar/cicero.html Connolly, Op. cit., pp 250-251. Marucchi, Op. cit., pg 9. Goodyear W. H. (1899)։ Roman and Medieval Art։ New York: Macmillan։ էջ 109 
Photographies by:
Statistics: Position
274
Statistics: Rank
257127

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
876319542Click/tap this sequence: 2658

Google street view

Where can you sleep near Հռոմի ֆորում ?

Booking.com
490.285 visits in total, 9.200 Points of interest, 404 Destinations, 53 visits today.