Սուրբ Սոֆիայի տաճար (հունարեն՝ Αγία Σοφία, արտասանություն: [aˈʝia soˈfia], «Սուրբ իմաստություն»; լատ.՝ Sancta Sophia կամ Sancta Sapientia; թուրքերեն՝ Ayasofya Camii), նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, ավելի ուշ օսմանյան մզկիթ, մինչև 2020 թվականը՝ թանգարան (Այասոֆիա թանգարան), իսկ 2020 թվականի հուլիսի 10-ից մզկիթ Ստամբուլում, Թուրքիա։ Տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով։ Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց։ Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում. կարծիք կա, թե այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»։

Սուրբ Սոֆիայի ճարտարապետական յուրահատկությունը այն է, որ պատրաստված է փոքրիկ կերամիկական կտորների և ավազի համակցությամբ, մի եղանակ, որը համարժեք է ժամանակակից բետոնին։

Իր ստեղծման օրվանից՝ 537 թվական, մինչև 1...Կարդալ ավելին

Սուրբ Սոֆիայի տաճար (հունարեն՝ Αγία Σοφία, արտասանություն: [aˈʝia soˈfia], «Սուրբ իմաստություն»; լատ.՝ Sancta Sophia կամ Sancta Sapientia; թուրքերեն՝ Ayasofya Camii), նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, ավելի ուշ օսմանյան մզկիթ, մինչև 2020 թվականը՝ թանգարան (Այասոֆիա թանգարան), իսկ 2020 թվականի հուլիսի 10-ից մզկիթ Ստամբուլում, Թուրքիա։ Տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով։ Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց։ Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում. կարծիք կա, թե այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»։

Սուրբ Սոֆիայի ճարտարապետական յուրահատկությունը այն է, որ պատրաստված է փոքրիկ կերամիկական կտորների և ավազի համակցությամբ, մի եղանակ, որը համարժեք է ժամանակակից բետոնին։

Իր ստեղծման օրվանից՝ 537 թվական, մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը։ Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից (Խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ) վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ։ 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը։ Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան։ Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը։

Ներկայիս շինությունը կառուցվել է 532-537 թվականներին որպես եկեղեցի բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և եղել է Սուրբ իմաստության երրորդ եկեղեցին։ Տաճարը գտնվել է այն վայրում, որտեղ գտնվող նախորդ եկեղեցին ոչնչացվել էր Նիկայի ապստամբության ժամանակ։ Տաճարը կառուցվել է հույն ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթեմիուս Թրալացու կողմից։ Եկեղեցին նվիրված է եղել Աստծո իմաստությանը, աստվածային խոսքին (Լոգոս, Հիսուս Քրիստոսի անուններից, հունարենից թարգմանաբար՝ բառ, խոսք)՝ Սուրբ երրորդության մեջ երկրորդ անձին։ Վերջինիս հովանավոր տոնը տեղի է ունենում դեկտեմբերի 25-ին՝ ի նշան Քրիստոսի մեջ աստվածային խոսքի մարմնավորման ծնունդի հիշատակության։ Չնայած տաճարը երբեմն կոչում են Sancta Sophia (իբրև թե այն կոչվել է ի պատիվ նահատակ Սոֆյայի), սակայն իրականում sophia բառը հունարեն իմաստություն բառի լատիներեն հնչյունական տառադարձումն է։ Հունարեն ամբողջական անվանումն է Ναός της Αγίας του Θεού Σοφίας, Naos tēs Hagias tou Theou Sophias, որը նշանակում է «Աստծո սուրբ իմաստության տաճար»։ Եկեղեցում եղել են մեծաքանակ մասունքներ, այդ թվում 15 մ բարձրությամբ արծաթե իկոնոստաս։

1453 թվականին Մեհմեդ Նվաճողը գրավել է Կ. Պոլիսը և այն միացրել Օսմանյան կայսրությանը։ Նա հրամայել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի։ Չնայած քաղաքի շատ մասեր կարճ ժամանակում վնասվել և ավերվել են, տաճարը պահպանելու համար անընդհատ գումար է հատկացվել։ Տաճարն իր յուրօրինակ տեսքով շատ ուժեղ տպավորություն է թողել օսմանյան ղեկավարների վրա, ուստի նրանք որոշել են այն մզկիթի վերածել: Զանգերը, զոհասեղանը, իկոնոստասը և շատ այլ մասունքներ ոչնչացվել են, Հիսուսին, Մարիամին, քրիստոնյա սրբերին և հրեշտակներին պատկերող խճանկարները նույն ճակատագրին են արժանացել, ապա սվաղով ծածկվել են։ Իսլամական կրոնին հատուկ տարրեր են ավելացվել տաճարին՝ միհրաբ (որմնախորշ, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը), մինբար (ամբիոն, որի վրայից իմամը քարոզ է կարդում) և 4 մինարեթ։ Մինչև 1931 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է մզկիթ, դրանից հետո այն փակ է մնացել 4 տարի։ Տաճարը վերաբացվել է 1935 թվականին որպես թանգարան արդեն ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում։ 2019 թվականի տվյալներով Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայում ամենաշատ այցելված թանգարանն է՝ տարեկան 3,7 միլիոն այցելու։ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության 2015 և 2019 թվականներին ներկայացրած տվյալների համաձայն Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայի ամենաշատ այցելված զբոսաշրջության վայրն է։

Մինչև Սուլթան Ահմեդ մզկիթի կառուցումը 1616 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այդ ժամանակ մզկիթ էր, եղել է Ստամբուլի գլխավոր և հիմնական մզկիթը։ Սուրբ Սոֆիայի տաճարի բյուզանդական ճարտարապետությունն օսմանյան մի շարք մզկիթների համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել՝ Շեհզադե մզկիթ, Սուլեյմանիե մզկիթ, Ռյուսթեմ փաշա մզկիթ և Քըլըչ Ալի փաշա մզկիթային համալիր։

Պատմություն Կոստանդիոս II-ի եկեղեցի

Ներկայիս Սուրբ Սոֆիայի տարածքում կառուցված առաջին եկեղեցին հայտնի է Μεγάλη Ἐκκλησία (Megálē Ekklēsíā, «Մեծ եկեղեցի») անունով կամ լատիներեն Magna Ecclesia[1][2]. եկեղեցին այսպես է կոչվել իր չափերի պատճառով, քանի որ շատ ավելի մեծ է եղել այդ ժամանակ քաղաքում եղած մյուս եկեղեցիներից[3]։ Եկեղեցու բացման արարողությունը կատարել է արիոսական եպիսկոպոս Եվդոկսիոս Անտիոքցին 360 թվականի փետրվարի 15-ին[4]. եկեղեցին կառուցվել էր այն վայրի մոտակայքում, որտեղ կայսերական պալատն էր կառուցվում։ Մոտակայքում գտնվող Սուրբ խաղաղություն եկեղեցու կառուցման աշխատանքներն ավելի շուտ են ավարտվել, և այն սկսել է գործել մինչև Մեծ եկեղեցու շինարարության ավարտը։ Այս երկու եկեղեցիները հանդիսացել են Բյուզանդական կայսրության գլխավոր եկեղեցիները։

Սոկրատես Սքոլաստիկոսը 440 թվականին գրել է, որ եկեղեցու կառուցման աշխատանքները սկսել են շուրջ 346 թվականին, և այն կառուցվել է Կոստանդիոս II-ի հրամանով[4]։ 7-8-րդ դարի ավանդության համաձայն շինությունը կառուցվել է Կոստանդիանոս Ա Մեծ-ի կողմից[4]։ Յոհաննես Զոնարասը համատեղում է երկու տեսակետները՝ գրելով, որ Կոստանդիոս II-ը իրականում վերակառուցել է փլուզված շինությունը, որը օծված էր Եվսեբիուս Նիկոմեդիացու կողմից[4]։ Եվսեբիուսը Կ. Պոլսի եպիսկոպոս է եղել 339-341 թվականներին, իսկ Կոստանդիանոսը մահացել է 337 թվականին, ուստի առավել հավանական է, որ հենց վերջինիս կողմից էլ կառուցվել է առաջին եկեղեցին[4]։ Շինությունը կառուցվել է իբրև ավանդական լատինական սյունաշարերով բազիլիկ՝ սրահներով և փայտե տանիքով։ Այս եկեղեցին համարվել է ժամանակի ամենաակնառու հուշարձաններից մեկը։

Կ. Պոլսի պատրիարք Հովհան Ոսկեբերանը խնդիրներ է ունեցել կայսր Արկադիոսի կնոջ՝ Էլիա Եվդոկացու հետ և 404 թվականի հունիսի 20-ին աքսորվել է։ Դրան հաջորդած ապստամբությունների ալիքի ընթացքում առաջին եկեղեցին հիմնականում այրվել է[4]։ Այսօր այդ եկեղեցուց ոչինչ չի մնացել։

Թեոդոսիոս II-ի եկեղեցի

Երկրորդ եկեղեցին կառուցվել է Թեոդոսիոս II-ի հրամանով, որի բացումը տեղի է ունեցել 415 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ճարտարապետ Ռուֆինուսն է կառուցել փայտե տանիքով բազիլիկը։ Նիկայի ապստամբության իրարանցման ժամանակ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում 532 թվականի հունվարի 13-14-ին երկրորդ եկեղեցին հիմնահատակ այրվել է։

Այս եկեղեցուց մինչ օրս պահպանվել են մի քանի մարմարյա հատվածներ՝ այդ թվում բարձրաքանդակներ, որոնց վրա պատկերված են 12 գառներ՝ խորհրդանշելով 12 առաքյալներին։ Նախապես դրանք եղել են գլխավոր մուտքի մաս, սակայն այժմ դրանք գտնվում են թանգարանի մուտքի մոտակայքում՝ պեղումների փոսում, այն բանից հետո, երբ 1935 թվականին Ա.Մ. Շնայդերը դրանք հայտնաբերել է արևմտյան գավիթի տակ։ Փորման հետագա աշխատանքները դադարեցվել են, քանի որ շինության ամբողջականությունը վնասելու վտանգ է եղել։

Սուրբ Սոֆիայի երկրորդ եկեղեցու մնացորդները
Istanbul.Hagia Sophia009.jpg 
Hagia Sophia Theodosius 2007 010.JPG 
Hagia Sophia Theodosius 2007 002.jpg 
Hagia Sophia Theodosius 2007 007.jpg 
Istanbul.Hagia Sophia005.jpg 
Սուրբ Սոֆիայի բազիլիկ տաճար
 
Սուրբ Սոֆիայի տաճար
 
Մանասեսի ժամանակագրություն ձեռագրում եկեղեցու կառուցման պատկերը (14-րդ դար)

532 թվականի փետրվարի 23-ին՝ երկրորդ բազիլիկի կործանումից մի քանի շաբաթ անց, կայսր Հուստինիանոս I-ը որոշում է կառուցել նոր տաճար, որը իր շքեղությամբ և չափերով կգերազանցի նախորդներին։

Հուստինիանոսը տաճարի կառուցման համար որպես ճարտարապետներ է ընտրում ինժեներ Իսիդոր Միլեթացուն և մաթեմատիկոս Անթեմիուս Թրալլացուն, սակայն վերջինս կառուցման աշխատանքների առաջին տարում մահացել է։ Կառուցման աշխատանքները նկարագրված են բյուզանդացի պատմաբան Պրոկոպիուսի «Կառուցումների մասին» աշխատությունում (Peri ktismatōn, Latin: De aedificiis): Սյուները և մարմարե տարբեր առարկաներ բերվել են կայսրության տարբեր մասերից։ Այն տեսակետը, թե այս սյուները իրականում ավար են՝ բերված տարբեր քաղաքներից, օրինակ՝ Հռոմ, Եփեսոս, ավելի ուշ է ձևավորվել[5]։ Չնայած որ սյուները հատուկ տաճարի համար էին ստեղծվել, իրենց չափերով տարբերվում էին[6]։ Շուրջ հազար մարդ մասնակցել է կառուցման աշխատանքներին։ Այս նոր եկեղեցին միևնույն ժամանակ համարվել է ճարտարապետության խոշոր աշխատանք։ Կայսրը պատրիարք Մինասի հետ միասին 537 թվականի դեկտեմբերի 27-ին՝ կառուցման սկզբից 5 տարի և 10 ամիս հետո, իրականացնում է տաճարի բացման վեհաշուք արարողությունը[7][8][9]։ Սակայն տաճարի ներսում գտնվող խճանկարները ավարտին են հասցվել Հուստինոս II-ի (565–578 թվականներ) կառավարման շրջանում։

Այա Սոֆիան Կ. Պոլսի ուղղափառ պատրիարքի նստավայրն էր, ինչպես նաև բյուզանդական կայսերական արարողությունների, ինչպես օրինակ թագադրությունները, գլխավոր կենտրոնը։ Ինչպես քրիստոնեական աշխարհի այլ եկեղեցիները, այնպես էլ այս տաճարը հետապնդման մեջ գտնվող օրենքից դուրս հայտարարվածների համար ապաստարան էր հանդիսանում։

553 թվականի օգոստոսի և 557 թվականի դեկտեմբերի 14-ի երկրաշարժերի պատճառով գլխավոր և արևելյան գմբեթների վրա ճաքեր են առաջացել։ Արդեն 558 թվականի մայիսի 7-ին[10] տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ գլխավոր գմբեթը լրիվ փլուզվել է՝ ոչնչացնելով զոհասեղանը և տաճարի շատ այլ մասեր։ Փլուզման պատճառը խիստ ծանրաբեռնվածությունն ու գմբեթի ահռելի շեղման ուժն էր[7]։ Արդյունքում կամարակալները դեֆորմացիայի էին ենթարկվել՝ չկարողանալով պահել գմբեթի ծանրությունը[7]։ Կայսեր հրամանով տաճարը անմիջապես վերանորոգվել է։ Կայսրը այս կարևոր աշխատանքը վստահում է Իսիդոր Կրտսերին, ով Իսիդոր Միլեթացու եղբորորդին էր։ Իսիդոր Կրտսերը օգտագործում է ավելի թեթև նյութեր և բարձրացնում է գմբեթը 30 ֆիթով (9 մետր)[7]՝ շինությանը տալով ներկայիս բարձրությունը՝ 55.6 մետր[11]։ Ավելին՝ Իսիդորը փոխել է գմբեթի տեսակը՝ կառուցելով կամարակներով շերտավոր գմբեթ, որի տրամագիծը 32.7-33.5 մետրի էր հասնում[7]։ Հուստինիանոսի հրամանով շուրջ 560 թվականին նավով Կ. Պոլիս են տեղափոխվել կորինթիական 8 օրդերներ են Բաալբեկից, Լիբանանից[12]։ Այս վերակառուցումը, որն ավարտվել է 562 թվականին, եկեղեցուն տվել է 6-րդ դարի իր տեսքը։ Բյուզանդացի պոետ Պողոս Սուլենթարիան Էքֆրասիս վերնագրով ծավալուն էպիկական բանաստեղծություն է նվիրել բազիլիկ տաճարի վերափոխմանը։

726 թվականին կայսր Լեո Իսավրիացին մի շարք հրամանագրեր է արձակում պատկերների պաշտամունքի դեմ՝ հրամայելով իր բանակին ոչնչացնել բոլոր սրբապատկերները։ Այսպիսով սկսվում է բյուզանդական պատկերամարտության շրջանը։ Այս շրջանում կրոնական բոլոր պատկերներն ու արձանները Սուրբ Սոֆիայի տաճարից հանվել են։ Կայսրուհի Իռենի (797–802 թվականներ) կառավարման կարճ շրջանում սրբապատկերները նորից տարածում գտան։ Կայսր Թեֆիլիուսը եկեղեցու հարավային մուտքին դնում է երկդարպաս բրոնզե դռներ միացագրերով։

 
Միջանիվի կամարները

859 թվականի մեծ հրդեհի արդյունքում բազիլիկ տաճարը մեծ վնաս է կրել, այնուհետև 869 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է կիսագմբեթներից մեկի փլուզմանը։ Կայսր Բարսեղ I-ի հրամանով եկեղեցին վերակառուցվել է։

989 թվականի հոկտեմբերի 25-ի մեծ երկրաշարժից հետո, որի արդյունքում փլուզվել է արևմտյան գմբեթի կամարը, կասյր Բարսեղ II-ը խնդրել է հայ ճարտարապետ Տրդատին, ով Անիի և Արգինայի տաճարների հիմնադիրն է, ղեկավարել վերանորոգման աշխատանքները[13]։ Նա կրկին կառուցել և ամրացրել է ընկած գմբեթը, նաև վերակառուցել է արևմտյան գմբեթը[14]։ Հասցված վնասն այնքան մեծ էր, որ պահանջվեց 6 տարի վերանորոգման և վերակառուցման համար. եկեղեցին վերաբացվել է 994 թվականի մայիսի 13-ին։ Վերակառուցման ավարտից հետո եկեղեցու զարդարանքները թարմացվել էին, ավելացվել էին մի շարք նոր զարդարանքներ՝ հրեշտակների 4 հսկայական պատկերներ, գմբեթի վրա Քրիստոսի պատկերը, աբսիդի վրա կույս Մարիամի պատկերը Հիսուսը իր գրկում և առաքյալներ Պետրոսի և Պողոսի միջև[15]։

«Արարողությունների մասին» (De caerimoniis aulae Byzantinae) իր աշխատության մեջ կայսր Կոստանդին Ծիրանածինը (913–919 թվականներ) մանրամասն ներկայացրել է Սուրբ Սոֆիայի տաճարում կայսեր և պատրիարքի կողմից կատարվող արարողությունները։

Բյուզանդացի պատմաբան Նիկիտա Խոնիատիսը նկարագրել է, թե խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ, երբ խաչակիրները գրավել են Կ. Պոլիսը, թալանվել և պղծվել են եկեղեցին։ Լատինական կայսրության կողմից Կ. Պոլսի գրավումից հետո (1204–1261 թվականներ) եկեղեցին վերածվել է կաթոլիկ տաճարի։ 1204 թվականի մայիսի 16-ին Բալդվին I-ը Սուրբ Սոֆիայի տաճարում թագադրվել է՝ հետևելով բյուզանդական պրակտիկային։ Էնրիկո Դանդոլոն՝ Վենետիկի Հանրապետության դուքսը, ում հրամանով 1204 թվականին խաչակիրները պաշարել և նվաճել են քաղաքը, թաղված է եկեղեցու ներսում, հավանաբար արևելյան սրահի վերին հատվածում։ 19-րդ դարում իտալական վերականգնողական աշխատանքներ կատարող մի խումբ մահարձան է դրել նրա թաղման հավանական վայրի մոտակայքում, որը մինչ օրս պահպանվել է։ Շատ զբոսաշրջիկներ այն շփոթում են դքսի իրական գերեզմանի հետ։ Իրական գերեզմանը 1453 թվականին օսմանցիների կողմից Կ. Պոլսի նվաճումից հետո ոչնչնացվել է, իսկ դրան հաջորդել է տաճարի վերածումը մզկիթի[16]։

1261 թվականին բյուզանդացիների կողմից քաղաքի վերագրավումից հետո եկեղեցին խարխուլ վիճակում է եղել։ 1317 թվականին կայսր Անդրոնիկոս II-ը հրամայել է 4 նոր հենարաններ կառուցել եկեղեցու արևելյան և հյուսիսային հատվածներում։ Ֆինանսավորումը կատարվել է նրա հանգուցյալ կին Իռենի ժառանգությունից[17]։ 1344 թվականի հոկտեմբերի երկրաշարժի պատճառով գմբեթի վրա նոր ճաքեր են առաջացել, իսկ 1346 թվականի մայիսի 19-ին շինության որոշ մասեր փլուզվել են։ 1354 թվականին եկեղեցին փակվել է, որից հետո վերանորոգման աշխատանքներ են սկսվել Աստրաս և Փերալթա ճարտարապետների կողմից։

Տաճարը իբրև մզկիթ (1453–1935 թվականներ)

1453 թվականի մայիսի 29-ին օսմանյան ուժերը գրավել են Կ. Պոլիսը։ Այդ ժամանակի սովորույթի համաձայն սուլթան Մեհմեդ II-ը իր զորքին և իր շրջապատին թույլ է տալիս 3 օր շարունակ առանց որևէ խոչընդոտի թալանել և կողոպուտի ենթարկել քաղաքը։ Երեք օր անց այն, ինչ մնում է քաղաքից, պատկանում է սուլթանին[18][19]։ Սուրբ Սոֆիայի տաճարը ևս զերծ չի մնում թալանից և կողոպուտից, քանի որ նվաճողները համարում էին, որ այն մեծ գանձերի և թանկարժեք առարկաների պահեստ է[20]։ Այն բանից հետո, երբ Կ. Պոլսի պաշտպանական ուժերը պարտություն են կրում և օսմանյան զորքերը հաղթանակած ներխուժում են քաղաք, կողոպտիչները շտապում են Սուրբ Սոֆիայի տաճար և նախքան ներս մտնելը տապալում են տաճարի դռները[21]։ Կ. Պոլսի պաշարման ողջ ընթացքում հավատացյալները տաճարում մասնակցել են պատարագի և աղոթքի՝ տաճարը վերածելով ապատաստարան և ապաստան նրանց համար, ովքեր ի վիճակի չէին որևէ կերպ օգնելու քաղաքի պաշտպաններին՝ այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ և հիվանդ ու վիրավորված մարդիկ[22][23]։ Տաճարում ապաստանած մարդիկ և եկեղեցու սպասավորները պատերազմից հետո բաժանվեցին նվաճողների միջև իբրև ավար։ Շինությունը պղծվել է և թալանվել է, իսկ անօգնական մարդիկ, ովքեր ապաստան էին գտել ճամբարում, կա՛մ ստրկացվել են, կա՛մ ֆիզիկական չարչարանքների են ենթարկվել, կա՛մ էլ պարզապես մորթվել են[20]։ Մեծահասակները, երեխաները և հիվանդ կամ վիրավորված մարդիկ սպանվել են, իսկ կանայք և աղջիկները բռնաբարվել են, մյուսները (հիմնականում դեռահաս տղաները) ստրկության են վաճառվել[21]։ Եկեղեցու սպասավորները շարունակել են իրականացնել քրիստոնեական ծեսերը, աղոթքներն ու արարողությունները մինչև նվաճողները ստիպել են նրանց դադարեցնել ամեն ինչ[21]։ Երբ Մեհմեդ II-ը և իր շրջապատը մտել են տաճար, նա անմիջապես հրամայել է այն վերածել մզկիթի։ Ուլեմաներից (իսլամական գիտնականներ) մեկը բարձրացել է եկեղեցու ամբիոն և արտասանել է շահադան («Ալլահից բացի այլ աստված չկա, և Մուհամմադը նրա մարգարեն է»)՝ այսպիսով սկսելով եկեղեցու՝ մզկիթի վերածման գործընթացը[17][24]։

Ինչպես նկարագրում են Արևմուտքից եկած այցելուները (օրինակ՝ Պերո Թաֆուրը Կորդովայից[25] և Քրիստոֆորո Բոունդելմոնտին Ֆլորենցիայից) եկեղեցին կիսաավեր վիճակում է գտնվել՝ դռները ծխնիներից դուրս ընկած. Մեհմեդ II-ը հրամայել է մզկիթի վերածելու գործընթացին զուգահեռ անմիջապես սկսել եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1453 թվականի հունիսի 1-ին Մեհմեդը իրականացրել է առաջին ուրբաթօրյա աղոթքը (հութբա) վերանորոգված մզկիթում[26]։ Սուրբ Սոֆիայի տաճարը դարձել է Կ. Պոլսի կայսերական առաջին մզկիթը[27]։ Քաղաքում եղած տների մեծ մասը և ապագա Թոփքափը պալատի տարածքը դառնում են վաքֆի մաս[17]։ 1478 թվականից սկսած 2360 խանութներ, 1300 տներ, 4 քարվանսարաներ, բուզայի 30 խանութներ և ոչխարի գլուխ և տոտիկ վաճառող 23 խանութներ իրենց եկամուտը տալիս էին վաքֆին[28]։ 1520 թվականի և 1547 թվականի կայսերական հրովարտակների համաձայն Փակ շուկայի որոշ հատվածներ և խանութներ ևս տրվում են վաքֆին[17]։

Մինչև 1481 թվականը շինության հարավարևմտյան անկյունում կառուցվում է փոքրիկ մինարեթ[17]։ Ավելի ուշ՝ հաջորդ սուլթանի՝ Բայազեդ II-ի (1481-1512 թվականներ) կառավարման շրջանում, հյուսիսարևելյան անկյունում կառուցվում է մեկ այլ մինարեթ[17]։ Դրանցից մեկը 1509 թվականի երկրաշարժի արդյունքում փլուզվել է[17], իսկ 16-րդ դարի կեսերին երկուսն էլ փոխարինվել են նոր մինարեթներով, որոնք կառուցվել են շինության արևելյան և արևմտյան անկյուններում[17]։

 
Ծիսական լվացման շատրվան

16-րդ դարում սուլթան Սուլեյման Փառահեղը (1520–1566 թվականներ) Հունգարիայի նվաճումներից հետո Կ. Պոլիս իր բերել է երկու վիթխարի մոմակալներ։ Դրանք տեղադրվել են միհրաբի երկու կողմերում։ Սելիմ II-ի (1566–1574 թվականներ) կառավարման շրջանում շինությունը սկսել էր կորցնել ամրությունը, ուստի օսմանյան ճարտարապետ Միմար Սինանը, ով նաև երկրաշարժադիմացկուն շինությունների ինժեներ էր, հավելյալ նեցուկներ է ավելացնում կառույցի ամրությունը ապահովելու համար[29]։ Բացի սրանից Միմար Սինանը երկու հավելյալ մինարեթներ է կառուցել շինության արևմտյան հատվածում, ինչպես նաև 1576-1577 թվականներին կառուցել է Սելիմ II-ի թյուրբեն (դամբարանը)։ Սրանք կառուցելու համար շինության հարավային մասում գտնվող պատրիարքարանի մասերը քանդվել են[17]։ Ավելին՝ գմբեթի վրա բարձրացվել է ոսկյա կիսալուսին, իսկ շինության շուրջ հարգանքի գոտի ստեղծելու համար 24 մետր հեռավորության վրա գտնվող բոլոր տները քանդվել են[17]։ Հետագայում օսմանյան 43 շեհզադեների գերեզմաններ տեղ են գտել թյուրբեում[17]։ 1594 թվականին ճարտարապետ Դավութ աղան կառուցել է Մուրադ III-ի (1574–1595 թվականներ) թյուրբեն, որտեղ թաղված են սուլթանը, նրա վալիդե կինը՝ Սաֆիե սուլթան[17]։ Արքունական ճարտարապետ Դալգըչ Մեհմեդ աղան 1608 թվականին կառուցել է Մեհմեդ III-ի (1595–1603 թվականներ) և նրա կնոջ վեցանկյուն դամբարանը[30]։ Նրա որդի Մուսթաֆա I-ը (1617–1618 թվականներ; 1622–1623 թվականներ) մկրտարանը վերածել է թյուրբեի[30]։

Մուրադ III-ը Պերգամոնից բերել է տալիս հելլենիստական երկու հսկայական ալեբաստր սկահակ և տեղադրում է դրանք եկեղեցու միջնամասի երկու կողմերում[17]։

 
Միհրաբը, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը, աբսիդում, որտեղ նախկինում զոհասեղանն է եղել

1717 թվականին սուլթան Ահմեդ III-ի (1703–1730 թվականներ) հրամանով եկեղեցու ներսի սվաղը թարմացվել է, որի շնորհիվ բազմաթիվ խճանկարները պահպանվել են։ Եթե այդ քայլը չկատարվեր, ապա խճանկարները վերացվելու էին մզկիթի աշխատողների կողմից[30]։ Սովորական բան էր դարձել այցելուներին իբրև խճանկարի քարեր վաճառելու երևույթը[30]։ Սուլթան 1739 թվականին Մահմուդ I-ը հրամայում է վերանորոգել շինությունը և ավելացնել մեդրեսե (ղուրանական դպրոց, որն այժմ թանգարանի գրադարանն է), իմարեթ (աղքատներին ուտելիք բաժանելու խոհանոց) և գրադարան։ 1740 թվականին կրկին սուլթանի հրամանով կառուցվում է շատրվան (կրոնական լվացման համար)։ Այս ամենի արդյունքում տաճարը վերածվում է քուլիեի՝ մզկիթային համալիրի։ Միևնույն ժամանակ ներսում կառուցվում է նոր միհրաբ։

Տրդատ ճարտարապետի միջամտություն
 
Տեսարան Սուրբ Սոֆիայի տաճարի ներսից:

Հայոց պատմիչներից Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ հույն հմուտ ճարտարապետները շատ էին հոգում վերականգնման համար, բայց այդպես էլ հստակ լուծումներ չէին կարողանում առաջարկել, և հրավեր է ուղարկվում այդ ժամանակաշրջանում մեծ համբավ վայելող Տրդատ ճարտարապետին, խնդրելով վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը։ Տրդատը մեկնում է Բյուզանդիայի մայրաքաղաք և ուսումնասիրում տաճարի վիճակը[31]։ Կառուցման աշխատանքները կարգավորելու համար նա նախապես պատրաստում է եկեղեցու մոդելը, որի վրա նախ լուծում է ճարտարապետական խնդիրները։ Այնուհետև Տրդատը բարձր փայտամածներ է կանգնեցրել մինչև գմբեթը՝ այդ լուծումներն արդեն տաճարի վրա կիրառելու համար[31]։ Տեղեկություններ են պահպանվել, որ այդ փայտամածների համար արքունի գանձարանը ծախսել է 1000 ոսկի լիվեր։ Հնարավոր է, որ գմբեթից բացի Տրդատը վերականգնման այլ աշխատանքներ էլ է կատարել, քանի որ, ինչպես հայտնի է, կառույցը վերից վար ճաք էր տվել։ Տրդատը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ ցուցադրելով իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են հուշարձանի ոչ միայն ներկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր։ Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվեց մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի։ Սիմեոն Լեհացին, իր ճանապարհորդության ընթացքում տեսնելով Սուրբ Սոֆիայի տաճարը, գրում է իր ուղեգրություններում. «Մարդ պիտի հազար աչք ունենա այդ արվեստը դիտելու և սքանչանալու համար»։

1847 թվականի վերանորոգում

Սուլթան Աբդուլ Մեջիդը հրամայել է վերանորոգել Սուրբ Սոֆիայի տաճարը։ 800 աշխատողների շնորհիվ վերանորոգման աշխատանքները կատարվել են 1847-1849 թվականների ընթացքում ճարտարապետ եղբայրներ Գասպարե և Ջուզեպպե Ֆոսատիների կողմից։ Եղբայրները ամրացրել են գմբեթն ու կամարները, ուղղել են սյուները և փոփոխել շինության էքստերիերի և ինտերիերի զարդարանքները։ Վերիին սրահի խճանկարները բացվել և մաքրվել են՝ չնայած շատերը վերականգնվել էին «հետագա վնասից պահպանելու նպատակով»։ Հին ջահերը փոխարինվել են նորերով։ Նոր հսկայական մեդալիոններ են կախվել սյուներից, որոնց վրա գեղագիր կազասկեր Մուսթաֆա Իզզեդ էֆենդին (1801–1877 թվականներ) գրել է Ալլահի, Մուհամմադի, առաջին 4 խալիֆների՝ Աբու Բաքըր, Օմար, Օսման և Ալի, և Մուհամմադի երկու թոռների՝ Հասանի և Հուսեյնի անունները։ 1850 թվականին Ֆոսատի ճարտարապետ եղբայրները կառուցել են սուլթանի նոր տունը կամ օթյակը նեոբյուզանդական ոճով։ Նրանք նաև վերանորոգել են մինբարն ու միհրաբը։ Հիմնական շինությունից դուրս մինարեթները վերանորոգվել են և փոփոխվել այնպես, որ բոլորն այժմ չափերով հավասար են[32][33]։ Կառուցվել է ժամապահի շենք և նոր մեդրեսե (իսլամական դպրոց)։ Երբ վերանորոգման աշխատանքները ավարտվել են, մզկիթը վերաբացվել է 1849 թվականի հուլիսի 13-ին։

Թանգարան (1935-2020)
 
Տաճարի ներսում Վերանորոգման գործընթացը

1935 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը շինությունը վերածում է թանգարանի։ Գորգերը հանվել են տաճարից, պատմության մեջ առաջին անգամ ի հայտ են եկել մարմարե զարդարանքները, ինչպես օրինակ՝ օմֆալիոնը, միևնույն ժամանակ խճանկարները, որոնք ժամանակին ծածկված էին սվաղով, բացվել են։ Այնուամենայնիվ, կառույցի ընդհանուր վիճակը խարխուլ էր, ուստի Հուշարձանների համաշխարհային ֆոնդը Սուրբ Սոֆիայի տաճարը հայտարարել է 1996 թվականի Հուշարձանների համաշխարհային դիտարկման տակ, նույնը նաև 1998 թվականին։ Շինության պղնձե տանիքը քանդվել է, որի պատճառով ջուրը հոսել և վնասել է նուրբ որմնանկարներն ու խճանկարները։ Ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման պատճառով տաճարի ներսում ընդհանուր խոնավության մակարդակը բարձրացել է՝ ստեղծելով քարի և ներկի համար անբարենպաստ միջավայր։ 1997-2002 թվականների ընթացքում Հուշարձանների համաշխարհային ֆոնդը մի շարք դրամաշնորհներ է հատկացրել գմբեթի վերանորոգման համար։ Վերանորոգման աշխատանքների առաջին փուլը ենթադրում էր կառույցի տանիքի վերանորոգում և ամրապնդում։ Այս փուլին մասնակցել է նաև Թուրքիայի մշակույթի նախարարությունը։ Երկրորդ փուլը ենթադրում էր գմբեթի ինտերիերի պահպանում, որը հնարավորություն էր տալիս նկարներ վերականգնող թուրք երիտասարդներին մասնակցել և մասնագիտանալ խճանկարների պահպանման գործում։ Մինչև 2006 թվականը Հուշարձանների համաշխարհային ֆոնդի նախագիծը ավարտին է հասնում, չնայած որ տաճարի որոշ մասեր ամրապնդման, վերանորոգման անհրաժեշտություն ունեին[34]։ Սուրբ Սոֆիայի տաճարը ներկայումս (2014 թվական) Թուրքիայի ամենաշատ այցելված վայրերից երկրորդն է համարվում՝ տարեկան 3.3 միլիոն այցելու[35]։

Չնայած այն փաստին, որ արգելված է համալիրը որպես երկրպագության վայր (մզկիթ կամ եկեղեցի) օգտագործելը[36], 2006 թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ մի փոքրիկ սենյակ է տեղակայվել թանգարանում, որն օգտագործվում է թանգարանի քրիստոնյա և մուսուլման աշխատակիցների կողմից՝ որպես աղոթքի սենյակ[37]։ 2013 թվականից սկսած թանգարանի մինարեթներից մեկից օրական երկու անգամ մուեզզինը հավատացյալներին կանչում է աղոթքի[38]։

2007 թվականին հույն-հայ քաղաքական գործիչ Քրիս Սփիրուն հիմնադրել է միջազգային մի կազմակերպություն՝ «Ազատ Սուրբ Սոֆիայի խորհուրդ», որի նպատակն էր վերականգնել տաճարի հին տեսքը՝ իբրև քրիստոնեական եկեղեցի[39][40][41]։ 2010-ական թվականների սկզբին որոշ պաշտոնյաներ, մասնավորապես Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը 2013 թվականի նոյեմբերին, պահաջել են Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից կրկին վերածել մզկիթի[42][43][44]։ 2015 թվականին Հայոց ցեղասպանության՝ Ֆրանցիսկոս պապի կողմից ճանաչումից հետո Անկարայի մուֆթի Մեֆայիլ Հըզլըն հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարի մզկիթի վերածման գործընթացը պետք է արագացվի[45][46]։

2016 թվականի հուլիսի 1-ին 85 տարի դադարից հետո Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին անգամ մուսուլմանները աղոթել են[47]։

2017 թվականի մայիսի 13-ին Անատոլիայի երիտասարդական ասոցիացիայի գլխավորությամբ մի խումբ մարդիկ Սուրբ Սոֆիայի տաճարի առջև մասնակցել են առավոտյան աղոթքի, որով աջակցություն էին ցույց տալիս մզկիթի վերածմանը [48]։ 2017 թվականի հունիսի 21-ին Կրոնական հարցերով նախարարությունը կազմակերպել է հատուկ ծրագիր, որը իր մեջ ներառում է Ղուրանի բարձրաձայն ընթերցանություն և աղոթք Սուրբ Սոֆիայի տաճարում՝ նշելով Կադրի գիշերը (խորհրդանշական օր, որի ժամանակ Ղուրանի առաջին տողերը հայտնվել են Մուհամմադին)։ Այս ամբողջ արարողությունը հեռարձակվել է TRT-ի կողմից[49]։

Վերածումը մզկիթի

2018 թվականի մարտի 31-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարում արտասանել է Ղուրանի առաջին տողը՝ իր աղոթքը նվիրելով «նրանց, ովքեր այս աշխատանքը մեզ են թողել որպես ժառանգություն, հատկապես Ստամբուլի նվաճողին»։ Սրա նպատակն էր ամրապնդել քաղաքական այն շարժումը, որը ցանկանում էր տաճարը կրկին վերածել մզկիթի. սա, փաստորեն, Աթաթուրքի՝ մզկիթը աշխարհիկ թանգարանի վերածելու քայլի հակառակ երևույթն էր[50]։

2019 թվականի մարտ ամսին Էրդողանը հայտարարել է, որ փոխելու է Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի և նշել է, որ «մեծագույն սխալ է եղել» այն թանգարան դարձնելը[51]։ Իբրև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ այս փոփոխությունը պետք է հաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից[52]։

2020 թվականին մայիսի 29-ին Ստամբուլի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարում հատվածներ է կարդացել Ղուրանից։ Այս արարքը Հունաստանի կողմից քննադատության է արժանացել[53]։ Հունիս ամսին Թուրքիայի Կրոնական հարցերի վարչությունը հայտարարել է, որ «մենք ուրախ կլինենք բացել Սուրբ Սոֆիան երկրպագության համար» և եթե դա տեղի ունենա, ապա «մենք մեր կրոնական ծառայությունները կմատուցենք, ինչպես մյուս մզկիթներին»։

2020 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը[54]։

Müller-Wiener (1977), p. 84. Alessandro E. FONI, George PAPAGIANNAKIS, Nadia MAGNENAT-THALMANN։ «Virtual Hagia Sophia: Restitution, Visualization and Virtual Life Simulation» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 2007 թ․ հուլիսի 3  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ja471 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Janin (1953), p. 472. Krautheimer Richard (1986)։ Early Christian and Byzantine Architecture (4th ed.)։ New Haven and London: Yale University Press/Pelican History of Art։ էջ 205։ ISBN 978-0-300-05296-1  Mango Cyril (1985)։ Byzantine Architecture (1st ed.)։ New York: Electa/Rizzoli։ էջ 65։ ISBN 978-0-8478-0615-7  ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Müller-Wiener (1977), p. 86. "The Chronicle of John Malalas," Bk 18.86 Translated by E. Jeffreys, M. Jeffreys, and R. Scott. Australian Association of Byzantine Studies, 1986 vol 4. "The Chronicle of Theophones Confessor: Byzantine and Near Eastern History AD 284–813." Translated with commentary by Cyril Mango and Roger Scott. AM 6030 pg 316, with this note: Theophanes' precise date should be accepted. Janin Raymond (1950)։ Constantinople Byzantine (French) (1 ed.)։ Paris: Institut Français d'Etudes Byzantines։ էջ 41  «Haghia Sophia»։ Istanbul /: Emporis։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4  «Baalbek keeps its secrets»։ stoneworld  Maranci Christina (September 2003)։ «The Architect Trdat: Building Practices and Cross-Cultural Exchange in Byzantium and Armenia»։ Journal of the Society of Architectural Historians 62 (3): 294–305  Müller-Wiener (1977), p. 87. Mamboury (1953) p. 287 Gallo Rudolfo (1927)։ «La tomba di Enrico Dandolo in Santa Sofia a Constantinople»։ Rivista Mensile della Citta di Venezia 6: 270–83  ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 Müller-Wiener (1977), p. 91. Runciman Steven (1965)։ The Fall of Constantinople, 1453։ Cambridge: Cambridge University Press։ էջ 145։ ISBN 978-0-521-39832-9  Nicol, Donald M. The End of the Byzantine Empire. London: Edward Arnold Publishers, 1979, p. 88. ↑ 20,0 20,1 Nicol. The End of the Byzantine Empire, p. 90. ↑ 21,0 21,1 21,2 Runciman. The Fall of Constantinople, p. 147. Runciman. The Fall of Constantinople, pp. 133–134. Nicol, Donald M. The Last Centuries of Byzantium 1261–1453. Cambridge: Cambridge University Press, 1972, p. 389. Runciman. The Fall of Constantinople, p. 149. Tafur Pero (1926)։ Travels and Adventures, 1435–1439։ Trans. M. Letts։ London: G. Routledge։ էջեր 138–148  Mamboury (1953), p. 288. Necipoĝlu (2005), pg. 13 Boyar & Fleet (2010), p. 145 Mungan I. (2004)։ Hagia Sophia and Mimar Sinan։ Mungan & Wittek (eds); Taylor & Francis Group, London։ էջեր 383–384։ ISBN 978-90-5809-642-5  ↑ 30,0 30,1 30,2 30,3 Müller-Wiener (1977), p. 93. ↑ 31,0 31,1 «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 28  Turkish Cultural Foundation. The Fossati brothers, Accessed 23 Sept 2014. Grove Encyclopedia of Islamic Art & Architecture: Istanbul, Oxford University Press, p.324. «World Monuments Fund – Hagia Sophia»։ Wmf.org։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4  «Top 10: Turkey's most visited museums»։ Hürriyet Daily News։ նոյեմբերի 10, 2014  «Ýstanbul Tanýtýmý – Ayasofya Müzesi»։ Istanbul.gov.tr։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4  İbadete açık Ayasofya Archived 2012-04-13 at the Wayback Machine. (թուրքերեն) «Ayasofya'da ezan okunuyor, duydunuz mu?»։ Timeturk։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 16  «Group unveils initiative on Hagia Sophia»։ HomeboyMediaNews։ 2007-06-16  Международная группа активистов продолжает возвращения Церкви константинопольского собора Святой Софии Православие.Ru 26 июля 2007. Константинопольская София — мать всех церквей) Православие.Ru, 29 October 2007. «Call to reinstate Hagia Sophia as mosque»։ Financial Times։ նոյեմբերի 15, 2013։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24  «Greece angered over Turkish Deputy PM's Hagia Sophia remarks»։ Հուրիեթ։ նոյեմբերի 19, 2013։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20  «Turkey: Pressure mounts for Hagia Sophia to be converted into mosque»։ Christian Today։ դեկտեմբերի 13, 2013։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24  «Pope's remarks 'to accelerate Hagia Sophia's conversion into mosque'»։ Hurriyet։ ապրիլի 16, 2015  Moftah Lora (ապրիլի 16, 2015)։ «Hagia Sophia Mosque Conversion? Turkey Pope Backlash Could Open Historic Church To Muslim Worship»։ International Business Times  «First call to prayer inside Istanbul's Hagia Sophia in 85 years»։ hurriyet  «Muslim group prays in front of Hagia Sophia to demand re-conversion into mosque»։ hurriyet  «Turkey rejects Greek criticism of Hagia Sophia prayers»։ hurriyet  Turkish President Erdoğan recites Islamic prayer at the Hagia Sophia «Hagia Sophia: Controversy as Erdogan says museum and former cathedral will become a mosque»։ Euronews  «UNESCO "halts" Erdogan's plans to turn the Hagia Sophia into Mosque»։ Daily Hellas։ մարտի 27, 2019։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-06-ին։ Վերցված է ապրիլի 10, 2019  Turkey refutes Greece on Quran session in Hagia Sophia «Cumhurbaşkanı Kararı» 
Photographies by:
Benh LIEU SONG from Torcy, France - CC BY-SA 2.0
-
Photographer: Myrabella - Public domain
Akurilo - CC BY-SA 4.0
Orjen - CC BY-SA 4.0
Statistics: Position
127
Statistics: Rank
383708

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
159287634Click/tap this sequence: 4516

Google street view

Where can you sleep near Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ) ?

Booking.com
490.181 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 56 visits today.